Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց նորընծա ծայրագույն վարդապետին
Մարտի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի: Վերջինիս ձեռամբ մարտի 19-ին, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Զաքարիա վարդապետին տրվեցին ծայրագույն վարդապետության 10 աստիճանները:
Ներկայացնելով Հայր Սուրբին` Սրբազան Հայրը մասնավորապես անդրադարձավ ծայրագույն վարդապետության աստիճանի համար ներկայացված աշխատության կարևորությանը, ապա հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ Հայ Եկեղեցին այսօր զորանում է մտավորական հոգևորականների նոր սերնդով, որոնք հայոց նշանավոր րաբունապետերի և հայրերի նմանողությամբ շարունակում են տարածել Աստծու խոսքը` նախանձախնդիր լինելով ուղղափառ դավանանքի պահպանությանը:
Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Զաքարիա ծայրագույն վարդապետին` հորդորելով նրան առավել ջանասիրությամբ և նվիրումով ծառայել Հայ Եկեղեցուն և ժողովրդին:
Նորին Սրբությունն այս առիթով Հայր Զաքարիայի կուրծքը զարդարեց նաև ծայրագույն վարդապետական ականակուռ լանջախաչով: