Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին զինվորական հոսպիտալ
Ապրիլի 13-ին Ստեփանակերտում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ուղեկցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելեցին Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ։
Հոսպիտալի պետ Զորի Սաղյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացրեց Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ՊԲ զինծառայողների առողջական վիճակը և նրանց բուժման ընթացքը։
Այնուհետև Գարեգին Բ և Արամ Ա Հայրապետները, հոսպիտալի բժշկական կազմի ուղեկցությամբ, այցելեցին հիվանդասենյակներ՝ վիրավոր զինվորներին բերելով իրենց օրհնությունն ու քաջալերանքի խոսքերը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց գնահատանքը հայտնեցին հոսպիտալի բուժանձնակազմին՝ ցուցաբերած նվիրումի և հոգատարության համար, արիասիրտ հայորդիներին մաղթեցին շուտափույթ ապաքինում։
Երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին շրջայց կատարեցին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակով, ծանոթացան վերջին շրջանում կատարված քաղաքաշինական աշխատանքներին՝ բարձր գնահատելով քաղաքի բարեկարգմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը։