Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ուրուգվահայ ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ուրուգվահայ ուխտավորներին 05.11.2018

Նոյեմբերի  4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց  ուրուգվահայ ուխտավորներին:

Հանդիպման սկզբում ուխտավորների անունից շնորհակալության խոսք ասաց «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարա-Մանուկյանը՝ նշելով, որ  հայորդիներից շատերն առաջին անգամ են այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տիար Կարա-Մանուկյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր ուրուգվահայի փափագն է այցելել Մայր Աթոռ և ստանալ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:

Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Ուրուգվայ կատարած հովվապետական այցելություններին, որոնց ժամանակ ականատեսն է դարձել հայ համայնքի հոգևոր առաջընթացին ու հայապահպանությանն ուղղված նախանձախնդիր և ջերմեռանդ գործունեությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց, որ այս գործին նպաստում են նաև համայնքում գործող հայկական դպրոցը, ռադիոն և ազգային կառույցները:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև ուրուգվահայ համայնքում առկա խնդիրներին ու մարտահրավերներին:

Վերջում Վեհափառ Հայրապետը ներկաներին մաղթեց, որ  ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույնս արդյունավորվի ուրուգվահայության կյանքում՝  նպաստելով համայնքի հայաշունչ ոգու զորացմանը: