Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորաօծ Վահրիճ քահանային
Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր օրհնությունը տվեց նորաօծ Տ. Վահրիճ քահանա Բաղդասարյանին: Վերջինս ձեռնադրվել էր հուլիսի 23-ին, Ապարանի Ս. Խաչ եկեղեցում` ձեռամբ Կ.Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի:
Նորաօծ քահանային Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը` հայցելով Հայոց Հովվապետի օրհնությունն ու հայրական պատգամը:
Նորին Սրբությունը, շնորհավորելով երիտասարդ եկեղեցականին ձեռնադրության առիթով, հորդորեց խոնարհությամբ ու նախանձախնդրությամբ, նվիրումով և ամենայն հանձնառությամբ շարունակել ծառայությունը Հայոց Եկեղեցուն և հավատավոր ժողովրդին:
Քառասնօրյա պահեցողության շրջանը Մայր Աթոռում անցկացնելոց հետո Վահրիճ քահանան հոգևոր սպասավորության կվերադառնա Գերմանիայի հայոց թեմ: