Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորաօծ Աթանաս աբեղա Սարգսյանին
Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց նորաօծ Տ․ Աթանաս աբեղա Սարգսյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Հայր Աթանասը վերջերս է արժանացել քահանայական կոչման Գանձասարի վանքում և քառասնօրյա պահեցողության շրջանն անցկացրել Դադիվանքում։
Հանդիպման սկզբում Վրթանես եպիսկոպոսը ներկայացրեց Հայր Աթանասին՝ անդրադառնալով Հայր Սուրբի ծառայությանը նախ ՀՀ Զինված ուժերի Հոգևոր Առաջնորդությունում և ապա Արցախի թեմում: Սրբազան Հայրը մասնավորապես ընդգծեց, որ Հայր Աթանասն իր ծառայությամբ մշտապես արդարացրել է հոգևոր առաջնորդի սպասելիքները և ամենուրեք արժանացել հարգանքի ու բարձր գնահատանքի։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրական իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց Հայր Աթանասին ձեռնադրության և անդրանիկ պատարագի մատուցման առիթով։ Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց երիտասարդ եկեղեցականին Դադիվանքում դժվարին պայմաններում նվիրյալ ծառայության և դրսևորած բարձր պատասխանատվության համար։
Վեհափառ Հայրապետը Արցախի թեմի առաջնորդի հետ զրույցում անդրադարձ կատարեց Դադիվանքում բնակվող եկեղեցականների ծառայության պայմաններին, վանքի հոգևոր առաքելությանը և ուխտավորների այցելություններին խոչընդոտող հանգամանքներին և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում առկա դժվարությունները կհարթվեն:
Վերջում Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորաօծ Աթանաս աբեղային՝ մաղթելով ամուր հավատ և բեղուն հոգևոր սպասավորություն ի փառս Աստծո և ի պայծառություն Հայոց Եկեղեցու։