Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին
Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին՝ գլխավորությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի և քոլեջի պետ գնդապետ Վարդգես Ներսիսյանի: Կրթահամալիրի սաներին ուղեկցում էր Կոտայքի թեմի և ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ու ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Արժանապատիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը:
Առաքել Սրբազանը, ներկայացնելով Սուրբ Էջմիածնի այցի նպատակը, ինչպես նաև կրթահամալիրում հոգևոր առաջնորդության կողմից իրականացվող աշխատանքները, հայցեց Նորին Սրբության հայրապետական օրհնությունը և պատգամը երիտասարդներին:
Իր հերթին կրթահամալիրի պետ գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության և հայրական օրհնությանն արժանացնելու համար` կարևորելով նմանօրինակ այցերը և շփումը Ամենայն Հայոց Հայրապետի հետ: Կրթահամալիրի տնօրենությունը գոհունակությամբ ընդգծեց ուսումնական հաստատություն պարբերաբար այցելող հոգևորականների բարերար ազդեցությունը, որով հնարավորություն է ընձեռվում օրենքի ապագա պահապաններին հաղորդ դառնալու Հայ Եկեղեցու պատմությանը, դավանանքին, հոգևոր ժառանգությանն ու արժեհամակարգին: ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 2012 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:
Այնուհետև ՀՀ ոստիկանության ակադեմիայի ու քոլեջի ուսանողներին և ղեկավար անձնակազմին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով Մայր Աթոռ նրանց այցի առիթով: Նորին Սրբությունը նաև ողջունեց ուսանողների որոշումն իրենց օգտակարությունը ազգին և հայրենիքին բերելու ոստիկանության շարքերում:
Վեհափառ Հայրապետը կարևորեց ոստիկանանության առաքելությունը հասարակական կյանքում օրենքի պահպանության գործում` շեշտելով, որ նաև ոստիկանի անաչառ, բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված հայրենիքի ապահով ու բարօր կյանքի ընթացքը: Այս իմաստով Նորին Սրբությունը նշեց, որ շնորհիվ ոստիկանության աշխատանքի օրինահարգությունը ամրորեն պետք է դրոշմվի մեր ժողովրդի գիտակցության մեջ: Ոստիկանության դժվարին ծառայության մեջ Հայոց Հայրապետը շեշտեց նաև սիրո գործոնի կարևորությունը, որը պետք է դրսևորվի դիմացինի նկատմամբ:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Առաքել Սրբազանին և նրա իշխանության ներքո գործող հոգևորականաց դասին կրթահամալիրի ուսանողության նկատմամբ դրսևորվող հետևողական հոգևոր խնամքի համար:
Վեհափառ Հայրապետն այցի առիթով իր բարեմաղթանքները փոխանցեց ուսանողներին, որպեսզի հաջողությամբ ավարտին հասցնեն կրթական գործընթացը և իրենց անձերը պատրաստեն կարևոր ծառայության համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կանանց տոնի կապակցությամբ նաև իր շնորհավորանքներն ուղղեց ներկա ուսանողուհիներին: Հայոց Հայրապետը, անդրադառնալով հայ կնոջ կերպարին, դերին և առաքելությանը մեր ժողովրդի կյանքում, նշեց, որ ազգի ներկան ու ապագան կերտվում են հայ կնոջ ձեռքերի մեջ, որովհետև հայոց մայրերն են կրթում ու դաստիարակում մանուկներին, նրանց շնորհիվ է հայորդիների մեջ դրոշմվում ազգային ինքնության ու գիտակցության շունչը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բարձրյալն Աստծո օգնականությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը հայցեց կրթահամալիրի սաներին և պատասխանատուներին իրենց հանրօգուտ առաքելության մեջ: