Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Բջնիի ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ Բջնիից Մայր Աթոռ ժամանած ուխտավոր դպրոցականների հետ:
Համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Արիստակես քահանա Բաղալյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ուխտավորներին, անդրադարձավ նաև Բջնիի հոգևոր կյանքին: Տեր Հայրն ընդգծեց, որ պատանիների համար հանդիպումը Հայոց Հայրապետի հետ պատմական է և, վստահաբար, պիտի մեծ ազդեցություն ունենա իրենց կյանքում:
Այնուհետև պատանիները ներկայացրեցին Տասնաբանյա պատվիրանները և ավետարանական երանիները:
Ողջունելով Բջնիի աշակերտների հավատավոր ոգին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր սերն ու օրհնությունը բերեց ներկաներին և իր գնահատանքը փոխանցեց հոգևոր հովվին և ուսուցիչներին` դեպի Վաղարշապատի սրբավայրեր ու Մայր Աթոռ ուխտագնացությունը կազմակերպելու համար:
Հայոց Հայրապետն ընդգծեց, որ ուխտագնացությունն աղոթքով ինքնամաքրվելու, դեպի Աստված, Սուրբ Եկեղեցին և սրբազան ժառանգությունը սերն առատացնելու ճշմարիտ ճանապարհն է: Բջնեցիներին Նորին Սրբությունը պատգամեց մշտապես գնալ ուխտի, որպեսզի ճանաչելով և սիրելով Աստծուն` զերծ մնան սխալ ընթացքներից և երբեք չսայթաքեն կյանքում: Հայրապետը հորդորեց ներկաներին մասնակից դառնալ եկեղեցական կյանքին, ամեն կիրակի ներկա գտնվել Սուրբ Պատարագին, հաճախ այցելել տարածաշրջանի վանքեր և եկեղեցիներ` իրենց աղոթքները միախառնելու այդ սրբավայրերին կենդանություն հաղորդած նախնյաց աղոթքին:
Գարեգին Բ Կաթողիկոսը նաև անդրադարձավ Սուրբ Էջմիածնի խորհրդին` շեշտելով, որ այն մեր ինքնությունն է, ազգային լինելիության երաշխավորը, որին կապված է յուրաքանչյուր հայ իր հոգով, սրտով և զգացումներով:
Նորին Սրբությունը, վերհիշելով բջնեցիների հետ ունեցած իր շփումները և զանազան տեղական ավանդույթներ, նշեց, որ Բջնին հոգեհարազատ և սիրելի է իր համար պատմությամբ, սրբավայրերով, աղոթական միջավայրով և ժողովրդով:
Այնուհետև Նորին Սրբությունը հարցեր ուղղեց աշակերտներին` թելադրելով ժրաջան լինել ուսումնառության մեջ` ուրախություն պարգևելու ծնողներին, փառք և պատիվ բերելու իրենց ընտանիքներին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին խաչեր ընծայեց` մաղթելով Աստծո օրհնության ներքո երջանկությամբ շաղախված խաղաղ և անվրդով կյանք: Ուխտավորներն իրենց հերթին Նորին Սրբությանը նվիրեցին Բջնիի Սուրբ Սարգիս հնամենի եկեղեցու նկարը: