Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց բուժումից վերադարձած զինվորականներին
Օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԶՈՒ հինգ զինծառայողների, որոնց վերջույթների պրոթեզավորումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ կազմակերպվել էր Հնդկաստանում:
Հանդիպմանը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ զինվորականները ստացել են անհրաժեշտ բուժումը և վերադարձել հայրենիք՝ պատրաստակամորեն շարունակելու իրենց ծառայությունն ազգին և հայրենիքին: Սրբազանը նաև հավելեց, որ վիրավոր զինվորներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող աջակցության այս ծրագրի շրջանակներում տարվա ընթացքում նախատեսված է պրոթեզավորել տասնվեց զինվորականի:
Երիտասարդ սպաներն ու զինվորները խորին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց բուժումը Հնդկաստանում կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ իրենց առավել ուժ և զորություն է հաղորդում այն իրողությունը, որ Հայոց Եկեղեցին հայ զինվորականի կողքին է իր աջակցությամբ: Նրանք մասնավոր գոհունակությամբ նաև հաստատեցին իրենց նկատմամբ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում դրսևորված ջերմ հյուրընկալությունը:
Այնուհետև Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով հայրենյաց պաշտպաններին, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով և բուժման արդյունավետությամբ:
«Մենք մեր խոնարհումն ենք բերում ձեզ և մեր Հայոց բանակի զինվորներին: Ազգը սիրում և գնահատում է իր զինվորներին և պատրաստ է ամեն հանձնառության հանուն ձեզ և Հայոց բանակի», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` արձանագրելով, որ ցուցաբերվող զորակցությունը նվազագույնն է, որ Մայր Աթոռը կարող է անել հայրենիքի և հայ ժողովրդի հանդեպ նվիրական պարտքը կատարելու ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորականների համար:
Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հպարտ է նման արի զավակներով, ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի: Իր շնորհակալությունը հայտնելով հայորդիներին իրենց քաջարի ոգու և հայրենասիրության համար` Նորին Սրբությունը հավաստիացրեց, որ Մայր Աթոռը պիտի շարունակի իր օգտակարությունը բերել մարտական գործողություններում վիրավորում ստացած զինվորներին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց զինվորներին, նաև աղոթեց, որ որևէ հայորդի հարկադրված չլինի իր կյանքը վտանգել հայրենիքի խաղաղ ու անվտանգ կյանքի համար: