Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն ու սրտակցությունն է հայտնել Հռոմի Հովհաննես Պողոս Բ Պապին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 1-ին Բաղդադում քրիստոնեական եկեղեցիների դեմ կատարված ահաբեկության առիթով զորակցության եւ սրտակցության գիր է հղել Հռոմի Հովհաննես Պողոս Բ Պապին:
Հայոց Հայրապետի գրության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք ցավում ենք, որ որոշ ծայրահեղ տարրեր փորձում են վտանգել դարավոր բարեկամությունը եւ խաղաղ գոյակցությունն Արեւելքի քրիստոնյա եւ իսլամ ժողովուրդների միջեւ, եւ Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը բնակություն հաստատի մարդկանց հոգիներում, եւ բռնությունն ու պատերազմը վերանան տարածաշրջանից եւ ողջ աշխարհից»:
Վեհափառ Հայրապետը նմանատիպ գրություն է առաքել նաեւ Հայ Կաթոլիկ եկեղեցու Հոգեւոր Տեր Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունուն: