Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց «Ուրախ Ամանոր սահմանում» ծրագրին մասնակցած կամավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց «Ուրախ Ամանոր սահմանում» ծրագրին մասնակցած կամավորներին 14.01.2016

Հունվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից 2015 թ. դեկտեմբերին իրականացրած «Ուրախ Ամանոր սահմանում» ծրագրի մասնակիցներին:

Հանդիպման սկզբում Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները` ընդգծելով, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին նվերներ բաշխելուց առավել, նախաձեռնությունը կարևոր էր հոգևոր իմաստով: Այն հնարավորություն ընձեռեց մարդկանց հոգատարություն և սեր ցուցաբերել դիմացինի հանդեպ: Տեր Հայրը նաև էական նկատեց շուրջ ութսուն երիտասարդ կամավորների, որոնց թվում Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, ներգրավվածությունը ծրագրի իրականացման աշխատանքներում:

Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ երիտասարդ հայորդիների մեջ առկա է մարդասիրական և հայրենասիրական գործ կատարելու բարձր գիտակցությունը և պատրաստակամությունը, ինչը, Վեհափառ Հայրապետի համոզմամբ, բարի օրինակ պիտի լինի շատ և շատ երիտասարդների համար:

Հայոց Հայրապետը մասնավորաբար նշեց, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, հավատարիմ իր առաքելությանը, շարունակելու է սոցիալական ծառայությունների միջոցով մշտապես իր կարիքավոր զավակների կողքին լինել, նաև նեցուկ կանգնել սահմանին հայրենիքը անձնվիրաբար պաշտպանող զինվորին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավելեց, որ այսօրինակ ծրագրերի իրականացումը նաև բարձրացնում է մարդասիրության և բարեգործության ոգին ու ապրումը` ուսուցանելով հայորդիներին իրենց վաստակից մաս և բաժին հանել կարոտյալների ու կարիքավորների համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքը հայտնեց ծրագրի պատասխանատու Մարկոս քահանային և կամավորներին` վերջիններիս հորդորելով այսուհետ ևս մասնակցել նման բարեգործական ծրագրերին:

Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: