Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին
Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի:
Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցելով ուսանողներին, իր գնահատանքը հայտնեց Բարլոու Տեր-Մկրտչյանին հայ երիատասարդներին հայրենիքի հետ մշտապես կապելու և նրանց հայկական ոգով կրթելու համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուսանողներին ծանոթացրեց հայրենիքում ու Արցախում ստեղծված դժվարին իրավիճակին և հորդորեց, որ երիտասարդ ուսանողներն էլ իրենց հերթին ամեն հնարավորություն օգտագործեն արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի արդար պահանջը բարձրաձայնել բոլոր ատյաններում, ինչպես և ԱՄՆ իշխանությունների առջև՝ կանխելու Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը։
Իր հերթին Բարլոու սարկավագը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համալսարանի Հայագիտության ամբիոնի դասերին մասնակցում է շուրջ չորս հարյուր ուսանող։ Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանը կարևորեց ուսանողների այցելությունը Հայաստան, որով նրանց համար լավագույն հնարավորությունն է ընձեռնվում ճանաչելու և հաղորդակցվելու հայ հոգևոր ու մշակութային ժառանգությանը։