Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին
Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին՝ և նրա տիկնոջը ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի:
Հանդիպմանը Նորին Սրբությունն ուրախությամբ նշեց, որ հաճելի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի ներկայացուցիչներին: Վեհափառ Հայրապետը գնահատանքով նշեց ֆրանսիացի պատգամավորի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության ամրապնդման գործում:
Խոսելով Սուրբ Էջմիածնի հոգևոր առաքելության, հայ ժողովրդի կյանքում ունեցած դերակատարության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընգծեց, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ կարողացավ հաղթահարել պատմության ընթացքում իրեն բաժին ընկած բազում փորձություններ, այդ թվում նաև` Հայոց Ցեղասպանությունը:
Նորին Սրբությունն այս կապակցությամբ իր խորին երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի բարեսեր ժողովրդին` Հայոց Եղեռնը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու և օգնելու առնչությամբ:
Իր հերթին պատգամավոր Օլիվիե Դասոն նշեց, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շատ խորն է և ունեցել է բազում գեղեցիկ դրսևորումներ: Պատգամավորը հույս հայտնեց, որ մարդկության պատմության մեջ այլևս նման ողբերգություններ տեղ չեն գտնի:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պրն. Դասոյին մաղթեց արդյունավոր գործունեություն իր պատասխանատու առաքելության մեջ: