Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի Արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերով նախարարին
Մարտի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Քուվեյթի Արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերով նախարար Յակուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչողլյանի:
Ողջունելով նախարարի այցը Հայաստան՝ Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու պետությունների միջև առկա ջերմ հարաբերությունների և ընդլայնվող համագործակցության համար:
Նորին Սրբությունն անդրադարձավ արաբական աշխարհի երկրներում, հատկապես Ցեղասպանությունից հետո, հաստատված հայորդիների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությանը` ի մասնավորի գնահատանք հայտնելով Քուվեյթի իշխանություններին հայ համայնքի հանդեպ հոգածու վերաբերմունքի համար: Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց նաև, որ երկրի իշխանությունների բարյացակամ աջակցությամբ կկարգավորվի հայ համայնքի մշտական եկեղեցի ունենալու խնդիրը:
Հանդիպմանը Գարեգին Բ Կաթողիկոսը մտահոգությամբ արձանագրեց, որ վերջին շրջանում որոշ կրոնական ծայրահեղական ուժեր փորձում են որոմ և թշնամանք սերմանել քրիստոնյաների և մահմեդականների միջև: Նորին Սրբությունը, հաստատելով, որ Աստծուն հավատացող անձը չի կարող իրեն ոտնձգություն թույլ տալ Աստծու արարածի հանդեպ, խստորեն դատապարտեց Բարձրյալի դեմ ուղղված նման ոճրագործությունները:
Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Արաբական աշխարհի երկրներում հայ համայնքների խաղաղ և համերաշխ համակեցությունը բարի օրինակ է բազմազգ և բազմակրոն շատ երկրների համար: Այս կապակցությամբ նա տեղեկացրեց նաև, որ կրոնական պետերը տարբեր հանդիպումների և երկխոսության միջոցով ջանքեր են գործադրում` խաղաղության, փոխհասկացողության և եղբայսիրության բարի օրինակ ցույց տալու իրենց հետևորդներին:
Իր խոսքում Քուվեյթի Արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերով նախարար Յակուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար՝ հավաստիացնելով, որ իր գործունեությամբ ջանալու է առավել նպաստել և զարգացնել երկու երկրների միջև առկա բարեկամությունն ու համագործակցությունը: Խոսելով կրոնների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության մասին` նախարարը նշեց, որ Քուվեյթի իշխանությունները խորին հարգանք են տածում ինչպես իսլամի, այնպես էլ քրիստոնյաների հոգևոր ներկայացուցիչների հանդեպ: Վերջինս նույնպես դատապարտեց ծայրահեղականների կողմից դրսևորվող բռնությունները՝ հաստատելով, որ Քուվեյթի իշխանությոնները ևս ջանքեր են գործադրում ի պահպանություն տարածաշրջանում կայունության և խաղաղության:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: