Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահին
Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդին՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահին Հայաստան այցի և Երևանում գումարված` Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին բերած մասնակցության առիթով: Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծեց, որ մարդկանց կյանքը փրկելու և քաղցկեղով տառապող հիվանդներին հույս ներշնչելու աստվածահաճո առաքելության է լծված Հորդանանի արքայադուստրը:
Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց Հայաստանում ուռուցքաբանության զարգացմանն ուղղված քայլերը, որոնք կնպաստեն քաղցկեղի կանխարգելմանը և բուժմանը, խոսեց բնակչության իրազեկվածության, ինչպես նաև առողջապահության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը տիկին Դինա Մայրեդին ներկայացրեց առողջապահության ոլորտում Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերը` հավելելով, որ եկեղեցին մշտապես իր հավատացյալներին հորդորում է աջակցել առողջական խնդիրներով տառապող մարդկանց, դրսևորած սրտակցությամբ թեթևացնել նրանց ցավն ու տառապանքը:
Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահը ևս անդրադարձ կատարեց քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում միության կողմից իրականացվող ծրագրերին, ներկայացրեց Հայաստան այցից իր տպավորությունները: Քաղցկեղի կանխարգելման և հիվանդների խնամատարության գործում արքայադուստր Դինան նաև կարևորեց կրոնական հաստատությունների և առաջնորդների դերը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց 2000 թ. հովվապետական իր այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Խոսվեց Հորդանանի հայ համայնքի, ինչպես նաև երկրում տարբեր ազգային և կրոնական համայնքների ջերմ փոխհարաբերությունների ու խաղաղ համակեցության մասին:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը իր օրհնությունը բերեց Դինա Մայրեդին և մաղթեց Բարձրյալի զորակցությունը նրա օգտաշատ առաքելության մեջ:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: