Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանի նախագահին
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի օլի Մաջլիսի Նամայանդագոն նախագահ Շուքուրջոն Զուխուրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը Տաջիկստանի խորհրդարանի նախագահին ներկայացրեց հայ ժողովրդի բազմադարյան պատմության առանցքային իրադարձությունները՝ հաստատելով, որ Հայ Եկեղեցին հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և ինքնության պահպանման գործում մեծ դերակատարություն է ունեցել: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հայ ժողովուրդն ու եկեղեցին, մասնավորապես մեծ կորուստներ ունեցան 1915 թվականին Թուրքիայի կողմից հայության դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ: Անդրադառնալով Հայաստանի անկախության տարիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Հայ Եկեղեցին ջանքեր է գործադրում ամբողջապես վերականգնել իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ ամենաբարձր մակարդակով աշխուժանում են հարաբերություններն ու սերտ փոխգործակցությունը երկու բարեկամ ժողովուրդների միջև, ինչն առավել կնպաստի երկու երկրների առաջընթացի և բարօր կյանքի կերտմանը: Գարեգին Երկրորդ Հայրապետը նաև իր երախտագիտությունը հայտնեց Տաջիկիստանի Հանրապետության իշխանություններին իրենց երկրում ապրող հայորդիների նկատմամբ հոգատար վերաբերմունք դրսևորելու համար:
Իր հերթին տիար Շուքուրջոն Զուխուրովը, շնորհավորելով Նորին Սրբությանն օծման և գահակալության 20-րդ տարեդարձի առիթով, մաղթեց քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ: Վերջինս նշեց, որ քաջատեղյակ է Հայոց Հայրապետի եկեղեցաշեն և հայրենաշեն գործունեությանը:
Տիար Շուքուրջոն Զուխուրովն ընդգծեց, որ երկու ժողովուրդների հարաբերությունները սկիզբ են առնում դարերի խորքից, ինչը կարևոր հարթակ է ստեղծում երկու բարեկամ պետությունների կապերի զարգացման և ամրապնդման համար: Տաջիկստանի Մաջլիսի օլի Մաջլիսի Նամայանդագոնի նախագահը ժողովուրդների ազգային ինքնության և արժեքների պահպանության գործում կարևոր նկատեց նաև հավատքի և լեզվի դերակատարությունը:
Զրույցի ընթացքում կարևորվեց կրոնների առաքելությունն ազգերի մեջ հանդուրժողականության հաստատման, երկխոսության ձևավորման և մշակութային փոխճանաչողության գործում:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինի միջնորդությամբ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ ունեցած հանդիպումներին, որոնք նպատակ էին հետապնդում նպաստել Լեռանային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս խնդրի խաղաղ լուծման առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր համարեց նաև միջազգային հանրության՝ ի դեմս ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների, գործադրվող ջանքերը:
Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որպեսզի Աստծո օրհնությամբ և օգնականությամբ արդյունավորվի երկու երկրների համագործակցությունն ի փառս հայ և տաջիկ ժողովուրդների:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: