Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիին
Մարտի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ:
Ողջունելով Վրաստանի Հանրապետության վարչապետի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց Զուրաբ Նոգաիդելիին վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Նորին Սրբությունն գոհունակություն հայտնեց տարբեր մակարդակներում երկու պետությունների հարաբերությունների արդյունվետ զագացման համար: Հայոց Հայրապետը նշեց, որ տարածաշրջանում մեր ժողովուրդների առջեւ ծառացած դժվարություններն ու խնդիրները միմիայն համատեղ ջանքերով կարող են իրենց լուծումը գտնել: Նորին Սրբությունը մաղթեց, որ միշտ անխախտ մնա երկու ժողովուրդների եղբայրությունը, խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, եւ ժողովուրդները կարողանան ապրել իրենց երջանիկ ու բարօր կյանքով:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի կարգավիճակի, հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու խնդիրների շուրջ:
Վրաստանի վարչապետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձավ օրըստօրե զարգացող հայ-վրացական հարաբերություններին, Վրաստանի ներքին քաղաքական ու տնտեսական իրավիճակին: Պրն. Նոգաիդելին Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաեւ Համայն Վրաց Պատրիարք Իլիա Բ-ի եղբայրական ջերմ ողջույնները:
Վեհափառ Հայրապետն իր հերթին իր ողջույնները հղեց Նորին Սրբություն Իլիա Բ Պատրիարքին: Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ Նորին Սրբությունը հայրական հոգածություն կցուցաբերի նաեւ հայ ժողովրդի զավակաց նկատմամբ եւ, ունկնդիր լինելով նրանց խնդիրներին ու դժվարություններին, կզորակցի առկա հարցերի լուծմանը:
Նորին Սրբությունը շնորհավորեց նաեւ Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին` հույս հայտնելով, որ դեսպանն իր պաշտոնավարության ընթացքում եւս կնպաստի երկու պետությունների փոխադարձ հարաբերությունների զորացմանն ու զարգացմանը:
Հանդիպմանը ներկա էին նաեւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը, երկու երկրների դեսպանները: