Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի գլխավոր դատախազին
Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիին` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ:
Նորին Սրբությունը, ողջունելով բարձրաստիճան հյուրի անդրանիկ այցը Հայաստան եւ Սուրբ Էջմիածին, կարեւորեց պետական մակարդակի նման հանդիպումները, երկու պետությունների տարբեր կառույցների միջեւ ձեւավորվող սերտ հարաբերությունները եւ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Վրաստանում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի կարգավիճակի խնդրին: Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ այս, ինչպես եւ Վրաստանում գտնվող մի շարք հայկական եկեղեցիների շուրջ ստեղծված խնդիրները Վրաստանի իշխանությունների աջակցությամբ բարվոք լուծում կստանան: