Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի գլխավոր դատախազին
Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի։
Հանդիպման սկզբում ՀՀ գլխավոր դատախազը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։
Ողջույնի իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տասնամյակներին երկու երկրների միջև գործակցությունն առավել խորանում և ընդլայնվում է՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նորին Սրբությունը նկատեց, որ հայ և վրաց ժողովուրդները դարեր շարունակ հարատևել են քրիստոնեական հավատքի շնորհիվ և միմյանց զորավիգ լինելով՝ կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը:
Շնորհավորելով վրաց ժողովրդին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության գալիք տոնի առիթով՝ Հայոց Հովվապետը մաղթեց, որ երկու ժողովուրդների համագործակցությունը լինի արդյունավետ և նպաստի երկու բարեկամ պետությունների զարգացմանը, առաջընթացին ու բարօր կյանքի կերտմանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:
Իր հերթին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ընդգծեց, որ նման այցերը նպաստում են երկու երկրների պետական կառույցների փոխհարաբերությունների առավել սերտացմանը։ Պարոն Շոթաձեն Վեհափառ Հայրապետին փոխանցեց նաև Վրաց Ուղղափառ Եկեղեցու հովվապետի ողջույնները։