Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Հանրապետության առաջին տիկին Սանդրա Եղիսաբեթ Ռուլովսին
Դեկտեմբերի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի առաջին տիկին Սանդրա Եղիսաբեթ Ռուլովսին:
Ողջունելով վրաց առաջին տիկնոջ այցը Սբ. Էջմիածին` Վեհափառ Հայրապետն անդրադարձավ հայ-վրացական դարավոր հարաբերություններին, երկու հարեւան ժողովուրդների բարեկամությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` տիկին Սանդրա Եղիսաբեթ Ռուլովսը Հայոց Հայրապետին ներկայացրեց իր այցի մանրամասները եւ այն բարեգործական ծրագրերը, որոնք նա իրականացնում է Վրաստանի Հանրապետությունում: Նա հատկապես կարեւորեց այն ծրագրերը, որոնք ուղղված են ժողովրդի սոցիալական կյանքի բարելավմանը, առողջության պահպանությանը եւ կարիքավորներին օգնելուն:
Վերջում Նորին Սրբությունը հաջողություն մաղթեց Վրաստանի առաջին տիկին Սանդրա Եղիսաբեթ Ռուլովսին իր առաքելության մեջ: