Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վարդանանց ասպետներին
Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ դիվանի անդամներին` գլխավորությամբ կազմակերպության ավագ սպարապետ Գերրի Զամանիկյանի:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց կազմակերպության գործունեությանը Հայաստանում և Սփյուռքում, տեղեկացվեց նաև աշխատանքների առավել արդյունավետ համակարգման նպատակով Հայաստանում մշտական գրասենյակի հաստատման մասին:
Վարդանանց ասպետների ավագ սպարապետն իր ողջույնի խոսքում հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ կազմակերպությունը շարունակելու է իր գործունեության շրջանակներում աջակցություն բերել Հայաստանին ու հայրենաբնակ ժողովրդին, ինչպես նաև զորակցել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության անդամներին` Սփյուռքում և Հայաստանում ծավալած ազգօգուտ գործունեության համար: Նորին Սրբությունն ընդգծեց, որ իրագործվող ծրագրերը նաև ամուր կապեր են ձևավորում Հայաստանի և Սփյուռքի միջև, ինչին մեծապես կնպաստի ընկերակցության նորահաստատ գրասենյակը:
Վերջում Վեհափառ Հայրապետը կազմակերպության անդամներին մաղթեց երկարամյա արգասավոր գործունեութուն և հայանպաստ նորանոր ծրագրերի իրականացում:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը: