Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությանը
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությանը՝ գլխավորությամբ թանգարանի ցուցահանդեսների գլխավոր համակարգող Ջեֆրի Քլոհայի: Սա պատվիրակության երկրորդ այցն էր Սուրբ Էջմիածին: Թանգարանը 2021 թվականին ծրագրում է կազմակերպել ցուցահանդես «Աստծո շունչը» խորագրի ներքո` նվիրված հայկական Աստվածաշնչին և հայոց եկեղեցական արվեստին:
Զրույցի ընթացքում հյուրերը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեցին ցուցահանդեսի կազմակերպական աշխատանքների ընթացքի և անհրաժեշտ ցուցանմուշների շուրջ ձեռք բերվող պայմանավորվածությունների վերաբերյալ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Սուրբ Գրքի թանգարանի նախաձեռնությունը, իր գնահատանքը հայտնեց կատարված նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ: Նորին Սրբությունը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատրաստակամությունը` զորակցելու նախագծի իրականացմանը և Սուրբ Էջմիածնում պահվող որոշ ձեռագիր ու տպագիր Աստվածաշնչերի և թանգարանային սրբազան արժեքների տրամադրմամբ հարստացնելու ցուցահանդեսը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի բաժնի տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: