Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար դոկտոր Մուխլիս Ֆարաունին:
Ողջունելով դոկտ. Ֆարաունի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը հաջողություններ եւ արդյունաշատ գործունեություն մաղթեց նրան իր նոր պաշտոնում: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ 2001թ. ապրիլին Սիրիա` Հալեպ եւ Դեր Զոր կատարած իր այցին, որի ընթացքում ուխտագնացություն կատարվեց նաեւ Սիրիայի անապատում գտնվող Հայոց Ցեղասպանության հուշարձան:
Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ ուրախ է ծառայության կոչվել մի երկրում, որն ունի հարուստ մշակույթ եւ եղբայրական կապեր իր հայրենիքի հետ:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը աղոթք վերառաքեց տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար: