Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարին
Մարտի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը, կարևորեց առողջապահական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:
Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց մարտի 1-ից 2-ը Երևանում անցկացվող «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովի առիթով` վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն կտա ավելի ընդլայնելու համագործակցությունը նախարարությունների միջև և առկա փորձի փոխանակմամբ կնպաստի առողջապահական ոլորտի խնդիրների հաղթահարմանը:
Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Բարձրյալի օգնությամբ բարեբեր լինեն առողջապահությանն ուղղված համատեղ ջանքերը, որպեսզի հնարավոր լինի առավել արդյունավետ կերպով պահպանել և վերականգնել մարդկանց ֆիզիկական առողջությունը:
Հանդիպմաը տիկին Վերոնիկա Սկվորցովան, անդրադառնալով հայ-ռուսական պատմական ու միջմշակութային ամուր կապերին և Հայաստան կատարած այցի արդյունքներին, շեշտեց, որ այսօրինակ համագործակցության արդյունքում ստեղծվում են առողջապահական խնդիրների լուծման առավել արդյունավետ մոտեցումներ:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև երկու ժողովուրդների կյանքում առկա մարտահրավերների մասին, ինչպես նաև քննարկվեց առողջապահական ծառայությունների մատուցման բնագավառում նկատվող դրական տեղաշարժերի մասին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: