Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի նախագահին 06.10.2006

 Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուին եւ իր գլխավորած պատվիրակությանը` ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Մայր Աթոռի Վարչակազմակերպական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը:

Ողջունելով Ռումինիայի նախագահին համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները ջերմ եւ սերտ բարեկամական զարգացում են ապրում. «Սա շարունակականությունն է այն ջերմ կապերի, որ առկա են եղել մեր ժողովուրդների միջեւ դարեր ի վեր` վաղ միջնադարից սկսած: Եվ մեզ հաճելի է, որ հայ համայնքն այնտեղ շատ աշխույժ կյանքով է ապրում եւ ռումինաբնակ հայորդիներն իրենց նվիրյալ ծառայությամբ կարեւոր ներդրում են ունենում Ռումինիո կյանքից ներս»,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում` վերհիշելով նաեւ Ռումինիայում ծնված եւ քաղաքացիություն ստացած Ամենայն Հայոց 130-րդ Հայրապետ երջանկահիշատակ Վազգեն Ա-ի գահակալության տարիները եւ լուսահոգի Հայրապետի դերը Մայր Աթոռի բարեկարգման գործում: Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց նաեւ Եվրոպական Միության ընդլայնման եւ առաջիկա տարի Ռումինիայի` ԵՄ-ին անդամակցելու կապակցությամբ: Նորին Սրբությունն իր եղբայրական սիրո ողջույնը հղեց Ռումին Ուղղափառ եկեղեցու հովվապետ Թեոկտիստ պատրիարքին:

Իր հերթին, Ռումինիայի նախագահը, ուրախություն հայտնելով Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր կենտրոն այցի առիթով, իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար` իր հարգանքը հայտնելով Հայ Եկեղեցուն եւ Հայոց Հովվապետին: Նախագահ Բասեսկուն կարեւորեց հոգեւոր արժեքների, կրոնների, ինչպես նաեւ միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսությունների դերը մարդկության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման գործում:

Ռումինիայի նախագահն իր խոսքում նշեց, որ մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի պատմության նկատմամբ, եւ ընդգծեց, որ Հայաստանը, իբրեւ քրիստոնյա պետություն, իր տեղն ունի միայն եվրոպական քրիստոնյա պետությունների կողքին: