Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Կենսաթոշակային հիմնադրամի նախագահին
Սեպտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Գենադի Բատանովին եւ իր գլխավորած պատվիրակությանը` Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի պաշտոնեության ուղեկցությամբ:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը ողջունեց սոցիալական ապահովության ոլորտում երկու կողմերի գործերն ու նախաձեռնությունները, որ համատեղ կատարվում են ի սեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւ ի սեր մեր նորօրյա կյանքի: Վեհափառ Հայրապետը նաեւ գոհունակություն հայտնեց, որ Ռուսաստանի բարեկամ ժողովրդի ու երկրի հետ կապերը տարբեր մակարդակների վրա շարունակաբար սերտանում ու զորանում են` խարսխված դարավոր ավանդույթների վրա: «Մեզ համար եւ մեր ժողովրդի համար թանկ են մեր հայրերի կերտած այդ բարեկամական հարաբերությունները, եւ մենք նախանձախնդիր ենք, որպեսզի այդ կապերը նոր, բարի արդյունքներով գան շենացնելու մեր ժողովուրդների կյանքը»,-ասաց Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում: Անդրադարձ եղավ նաեւ Հայ Առաքելական ու Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին: