Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին
Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին։
Զրույցի ընթացքում խոսվեց կոմիտեի գործառույթների մասին, մասնավոր անդրադարձ կատարվեց ջրի ազգային ծրագրին և ջրային ռեսուրսների գործածությանը։
Ի պատասխան Վեհափառ Հայրապետի հարցումների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը լուսաբանություններ տվեց ջրամատակարարման համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով տարվող աշխատանքների, ինչպես նաև երաշտի սպառնալիքի տակ գտնվող գյուղական համայնքներում ջրային ռեսուրսների բաշխման վերաբերյալ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ծանոթանալով ոլորտի հիմնախնդիրներին, ողջունեց դրանց հաղթահարման ուղղությամբ կառույցի կողմից ձեռնարկվող քայլերը։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն ու օրհնությունը բերեց կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին՝ ընդգծելով նրան վստահված ոլորտի կարևորությունը հայրենիքի զարգացման և առաջընթացի համար։
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։