Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ներկայացուցչին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ներկայացուցչին 15.09.2022

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջազգային կանոնական իրավունքի պատմության հետազոտական կենտրոնի տնօրեն Անցելմ վարդապետ Շուռոմիին։

Հանդիպմանը Հայր Սուրբը գոհունակությամբ տեղեկացրեց, որ Նորին Սրբության աջակցությամբ համալսարանի գրադարանն արդեն իսկ համալրվել է հայալեզու կարևոր հրատարակություններով։ Անցելմ վարդապետ Շուռոմին նաև հայտնեց նույն նպատակով Հունգարիայի կառավարության նախաձեռնությամբ առաջիկայում իրականացվելիք հայերեն գրքերի հրատարակությունների մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց վարդապետին Հայաստանի կրթական հաստատությունների հետ ձևավորված սերտ գործակցության և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների խթանման ուղղությամբ տարվող աշխատանքների առիթով։

Հանդիպմանը նաև անդրադարձ կատարվեց վերջին օրերին Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի դատապարտելի ոտնձգություններին։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը երախտագիտությամբ հիշեց 2021թ. դեկտեմբերին Հունգարիայի իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու գործադրած միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ հայրենիք վերադարձնել Ադրբեջանում պահվող հինգ ռազմագերիների։