Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպանին
Հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:
«Ուրախ ենք, որ Հայաստանում եք կրկին դեսպանի հանգամանքով եւ ձեր ծառայությունը շարունակելու եք բերել մեր երկու ժողովուրդների եւ պետությունների սերտ համագործակցությանը եւ բարեկամական կապերի զորացմանը: Հաճելի է, որ այդ առաքելությունը դուք եք շարունակելու` լինելով մեր ժողովրդին ջերմ բարեկամ, ինչից շահելու է եւ° Հայաստանը, եւ° Ուկրաինան»,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` մաղթելով, որ Տերն օգնական լինի դեսպանին իր առաքելությունը լիարժեքորեն իրականացնելու ի սեր երկու ժողովուրդների:
«Հայաստանն ինձ համար հատուկ երկիր է: Ես ձեզ ասեմ, որ այս չորս տարում, որ բացակայում էի այստեղից, այնուամենայնիվ ես Հայաստանի հետ էի. եւ° Սուրբ Էջմիածնի, եւ° ձեր ներկայությունը միշտ եղել է իմ տանը եւ աշխատասենյակում»,- նշեց դեսպանը` գոհունակությամբ անդրադառնալով նաեւ այդ տարիների ընթացքում հայ համայնքի եւ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արք. Բունիաթյանի հետ ունեցած իր սերտ համագործակցությանը: Ա. Բոժկոն հաստատեց, որ պաշտոնավարման ընթացքին պետք է հետամուտ լինի հայ-ուկրաինական համագործակցության առավել զորացմանն ու զարգացմանը:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաեւ մաղթեց, որ Ուկրաինան շուտով հաղթահարի իր ներքաղաքական դժվարությունները եւ վերգտնի կայունությունը իր կյանքի բոլոր ոլորտներում: