Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը 07.02.2018

Փետրվարի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը:

Վեհափառ Հայրապետը, գոհունակությամբ հաստատելով, որ հայ-շվեյցարական հարաբերությունները միշտ բարեկամական են եղել, ողջունեց պատվիրակության` երկու երկրների միջև համագործակցության առավել զորացմանն ուղղված առաքելությունը: Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ այն կարևոր զորակցությանը, որ Շվեյցարիան բերում է մեր երկրին` նպաստելով ինչպես առկա մարտահրավերների հաղթահարմանը, այնպես և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Շվեյցարիան, որտեղ գտնվում է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ), կարևոր նշանակություն ունի նաև միջեկեղեցական կյանքում: Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց Եկեղեցին, անդամակցելով ԵՀԽ-ին, մասնակից է էկումենիկ շարժմանն այն համոզումով, որ կրոնական երկխոսությունը հիմնական դերակատարություն ունի ժողովուրդների միջև համերաշխության և խաղաղության հաստատման գործում: Վեհափառ Հայրապետը խոսեց Քույր Եկեղեցիների հետ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ջերմ կապերի և միջկրոնական հարաբերությունների մասին:

Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Շվեյցարիան, հավատարիմ իր դավանած արժեքներին, միշտ մնա արդարության ջատագով և բարձրաձայնելով ճշմարտությունը` նպաստի ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը:

Զորույցի ընթացքում Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց ամենայն հայոց հոգևոր կենտրոն այցելելու և Վեհափառ Հայրապետին հանդիպելու առիթով: Պրն. Դոմինիկ դը Բյումանը խոսեց մարդկային կյանքում հավատքի կարևորության մասին` տեղեկություններ փոխանցելով Շվեյցարիայի տարբեր կանտոններում Եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաբերյալ առկա մոտեցումների մասին:

Ազգային խորհրդի նախագահը Նորին Սրբությանը նաև ներկայացրեց Շվեյցարիայի կողմից իրականացվող միջազգային մարդասիրական և խաղաղասիրական գործունեությունը: Պրն. Դոմինիկ դը Բյումանն անդրադարձավ նաև Շվեյցարիա-Հայաստան համագործակցությանը` հավաստիացնելով, որ Շվեյցարիան պիտի շարունակի իր զորակցությունը բերել Հայաստանին:

Հանդիպմանը խոսվեց ղարաբաղյան հակամարտության և դրա խաղաղ կարգավորմանն ուղղված Հայ Եկեղեցու ջանքերի մասին:

Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց նաև Եկեղեցու հոգևոր և սոցիալական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձավ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին:

Վերջում Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը արդյունավոր առաքելություն մաղթեց պրն. Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը` ի նպաստ երկու երկրների բարեկամության զորացման և համագործակցության:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: