Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ 12 քահանաներին
Փետրվարի 2-ին` Երեկոյան ժամերգության ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ս. Ղևոնդյանց տոնին քահանայական ձեռնադրության արժանացած Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանին, Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանին, Տ. Մակար քահանա Գալամդարյանին, Տ. Արիս քահանա Խաչատրյանին, Տ. Սևակ քահանա Սարիբեկյանին, Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանին, Տ. Վաղարշ քահանա Իսախանյանին, Տ. Գրիգորիս քահանա Դերմենջյանին, Տ. Զարեհ քահանա Աշուրյանին, Տ. Սեդրակ քահանա Աղասյանին, Տ. Արծրուն քահանա Միքայելյանին և Տ. Ղուկաս քահանա Բալայանին: Նրանց ուղեկցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ու Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
Հովնան Սրբազանը, Նորին Սրբությանը ներկայացնելով նորաձեռնադրյալ հոգևորականներին, հայցեց Վեհապառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը, որպեսզի նրանք կարողանան պատճաշ կերպով անցկացնել պատրաստության քառասնօրյա շրջանը:
Ապա նորաթուխ եկեղեցականներին շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետը` ուրախություն հայտնելով, որ Հայ Եկեղեցու հոգևորականաց շարքերը համալրվել են ևս տասներկու սպասավորներով:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ եկեղեցականների կարիքը մեծ է, ուստի` նորաձեռնադրյալներն իրենց ուսերին ծանր, բայց քաղցր լուծ պետք է վերցնեն` ծառայեն ժողովրդին, հայորդյաց հավատքն ամրացնեն, նրանց հոգիներում առատացնեն լավատեսության ոգին ու սերը:
«Մենք հավատում ենք, որ դուք ամբողջանվեր պիտի ընծայաբերեք ձեզ հանուն մեր Սուրբ Եկեղեցու պայծառության, նրա բարի անվան և հեղինակության բարձրացման: Վստահ ենք, որ պիտի սիրված եկեղեցականներ լինեք, ուր էլ որ ծառայեք, ձեր նվիրումի ու նախանձախնդրության արդյունքների շնորհիվ պիտի սեր և գնահատանք ապահովեք ձեր անձերի հանդեպ»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը եկեղեցականներին մաղթեց բարի օրինակ լինել և իրենց նվիրյալ ծառայությամբ ուրախացնել հավատավոր ժողովրդին: Աստծու օրհնությունը հայցելով նորաօծների համար` Նորին Սրբությունը պատգամեց, որ վերջիններս մշտապես ապրեն ու գործեն հավատքով, ինչը կդառնա հույս, լույս և սեր հայ ժողովրդի բարեպաշտ զավակների համար: