Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա - ՀՀ բարեկամական խմբի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա - ՀՀ բարեկամական խմբի անդամներին 05.04.2022

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա - Հայաստանի Հանրապետություն բարեկամական խմբի անդամներին՝ գլխավորությամբ խմբի ղեկավար Թիմ Փոլ Լոութընի։ Հանդիպմանը ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Ողջունելով ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ներկաներին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում աջակցության և մշտական ուշադրության համար։ Նորին Սրբությունն իր մտահոգությունները հայտնեց Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց միջազգային հանրության հետևողական ջանքերը գերության մեջ գտնվողների վերադարձման ուղղությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ արձանագրեց ՄԹ Մեծ Բրիտանիա–ՀՀ բարեկամական խմբի և Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի միջև ձևավորված սերտ գործակցությունը։
Իր խոսքում խմբի նախագահ Թիմ Փոլ Լոութընը կարևորեց ջանքերի գործադրումը հանուն Արցախում խաղաղության հաստատման և արցախահայության ապահով կյանքի իրավունքի, նաև պատրաստակամություն հայտնեց այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում իր աջակցությունը բերելու հայ ժողովրդին։
Այցի առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքը հայտնեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ ու նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության և Արցախին մշտապես ցուցաբերվող զորակցության համար։
Զրույցի ընթացքում ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի և Լորդերի պալատի անդամ, Անգլիկան Եկեղեցու Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Ջոն Բոքսվորթը Նորին Սրբությանը փոխանցեց Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի ողջույնները։ Քովենթրիի եպիսկոպոսը նաև հետաքրքրվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության վիճակի մասին։ Վեհափառ Հայրապետը տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կողմից սրբավայրերի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։