Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մեքսիկացի սենատորներին
Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումի և Ինդիրա Կեմպիս Մարտինեսի գլախավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի։
Հայոց Հովվապետն ի դեմս սենատորների իր երախտագիտությունը հայտնեց Մեքսիակայի Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը բերեց սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին Սենատում և միջազգային ատյաններում արցախահայության իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար։
Վերհիշելով հայրապետական իր այցը Մեքսիկա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ հայկական համայնքի նկատմամբ Մեքսիկայի իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչը նաև մեծ գնահատանք է հայորդիների ծառայությանը՝ ի նպաստ Մեքսիկայի առաջընթացի։
Հանդիպմանը, սենատորները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հաստատեցին, որ Նորին Սրբության օրհնությունն առավել պարտավորեցնող է էլ ավելի նախանձախնդրորեն պայքարելու հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերին։