Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մաշտոցյան Մատենադարանի տնօրենին և փոխտնօրենին
Օգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանին և գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանին:
Նորին Սրբությունը, շնորհավորելով Մատենադարանում նոր պաշտոնների ստանձման առիթով, նրանց մաղթեց արդյունաշատ գործունեություն ի պայծառություն և ի փառս Մաշտոցյան Մատենադարանի:
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Մատենադարանն ազգային հպարտության ամենանվիրական կենտրոններից մեկն է՝ իր ձեռագրական ժառանգությամբ հանդիսանալով համամարդկային գիտական ու իմացական մտքի զարգացման աղբյուր։
Իր հերթին պրն. Խզմալյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Մատենադարանի զարգացմանն ուղղված տեսլականը և առաջիկա ծրագրերը՝ կարևորելով նաև Հայ Եկեղեցու աջակցությունը։
Զրույցի ընթացքում քննարկվեցին փոխհամագործակցության ուղիները, մեծապես կարևորվեց ձեռագրագիտական, աղբյուրագիտական ու թարգմանական առավել բեղուն աշխատանքների իրագործումը: Առաջնահերթ խնդիրներից մեկը շեշտվեց՝ հայկական ձեռագրերի վերադարձը հայրենիք։