Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը
Հունվարի 13-ին` Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնին, Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գտնվող բաժինների պաշտոնեությանը` ուղեկցությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:
Բացման խոսքում Մուշեղ Սրբազանը Մայր Աթոռի պաշտոնեության անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով և Հայոց Հորը փոխանցեց ամենքի սերն ու նվիրումը:
Սուրբ Էջմիածնի աշխատակիցների անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր փիլ. գիտ. դոկտոր Արսեն Բոբոխյանը` շնորհակալություն հայտնելով հայրական խնամքի և հոգածության համար:
«Անցած 2016 թ. հարուստ էր ձեռքբերումներով, բայց, դժբախտաբար, նաև կորուստներով: Չնայած բազմաթիվ խոչընդոտներին` պատերազմի և խաղաղության սահմանագծին գտնվող մեր երկիրը, այնուամենայնիվ, զարգացման լուրջ քայլեր կատարեց, և այս գործընթացում խիստ էական էր Հայ Առաքելական Եկեղեցու դերը, որն իր անմիջական մասնակցությունը բերեց հայրենիքում և Սփյուռքում տեղի ունեցող գրեթե բոլոր իրադարձություններին:
2016 թ. սեպտեմբերին լրացավ Հայոց պետականության քառորդ դարը: Մի հին ժողովուրդ, որի անունը հիշվում է դեռևս սեպագրերում՝ վաղուց վերացած քաղաքակիրթ ազգերի շարքում, այսօր, զառամյալ ծերունու փոխարեն, հառնում է որպես 25-ամյա մի երիտասարդ, որի հոգևոր առաջնորդությունը վստահված է Ձերդ Սրբությանը: Ձեզ վիճակվեց հովվապետել մեր ժողովրդին պատմական այն ժամանակաշրջանում, երբ մի կողմից թշնամու անընդմեջ հարձակումների, մյուս կողմից` երկրի սոցիալական ծանր վիճակի պայմաններում տքնում էր հազարամյա հայ ժողովուրդը:
Խոսելով նախորդ տարվա մասին, չենք կարող չանդրադառնալ ապրիլյան Քառօրյա պատերազմին, որից մեր ժողովուրդը հերթական անգամ պատվով դուրս եկավ: Այդ դժվարին օրերին Հայոց Ս. Եկեղեցին և Դուք, Վեհափառ Տեր, հայ զինվորի և ժողովրդի կողքին էիք:
…2016 թ. տեղի ունեցած իրադարձություններից բոլորը հնարավոր չէ թվել:
Հայոց կյանքում տեղի ունեցած իրադարձությունների այս առատությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու՝ դրանցում խաղացած կարևոր դերն ու նշանակությունը փաստում են մեր Եկեղեցու կենսունակության բարձր աստիճանը», - նշեց պրն. Արսեն Բոբոխյանը` մաղթելով, որ Վեհափառի օրհնությամբ ավելի բարեհաջող լինի 2017 թվականը՝ խաղաղ, ներդաշնակ և զերծ հոգևոր ու նյութական անհանգստություններից:
Ապա Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորեց և իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փառք վերառաքելով առ Աստված անցնող տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ընդհանրապես Հայ Եկեղեցու առաքելության արգասավորման համար:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ներկաներին 2016 թվականին Եկեղեցու գործունեության կազմակերպման և անխափան ընթացքի համար ներդրած ջանքերի ու նվիրյալ ծառայության համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ յուրաքանչյուր կառույց և աշխատակից խղճի մտոք, պատասխանատվության զգացումով, հանձնառությամբ ու սիրով կարելին արեցին և նպաստեցին, որպեսզի արդյունավոր լինի ժողովրդին ու հայրենիքին բերած Եկեղեցու ծառայությունը:
Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց նույն ոգով ու նախանձախնդրությամբ շարունակել իրենց բարեխիղճ ծառայությունը նաև 2017 թվականին, այն գիտակցությամբ, որ դրանով է պայմանավորված Եկեղեցու առաքելությունը, եկեղեցական կյանքում ծրագրվող ձեռնարկների հաջողությունը, ավելի ընդարձակ տեսլականը` խաղաղությունը երկրի սահմաններում և բարօրությունը հայ ժողովրդի կյանքում:
Կարևորելով ամենքի ծառայությունը նաև Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում` Նորին Սրբությունը հավելեց. «Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուրիդ աշխատանքը մեծ, հսկայական ներդրում է մեր երկրի առաջընթացի ու խաղաղության, մեր ժողովրդի ապահով կյանքի ու ձեռքբերումների համար: Յուրաքանչյուրիդ անձնական ներդրումն ու ծառայությունը կարևոր նպաստ են այն իղձերի, երազների և տեսիլքների իրագործմանը, ինչին ձգտում է մեր ժողովուրդը: Եթե յուրաքանչյուրս մեր ծառայության մեջ անսակարկ նվիրումով մեր պարտականությունն իրագործենք, կունենանք մեր ցանկալի երկիրը»:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Մայր Աթոռի աշխատակիցներին` նրանց ընտանիքներին մաղթելով օրհնյալ և բարեբեր տարի: