Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին և պատգամավորի գործընկեր Ժիսլեն Ֆրնաքվիլին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ։ Նույն օրը առավոտյան ֆրանսիացի հյուրերը Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա էին գտնվել Հայրապետական Ս․ Պատարագին։
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հյուրերին, որոնք հայ ժողովրդի համար նվիրական՝ Սուրբ Հարության տոնի այս օրը գտնվում են Հայաստանում: Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին բոլոր ժամանակներում ծանր և դժվարին օրերին Հայաստանին օժանդակելու և զորակցելու համար։ Հայոց Հայրապետը հույս հայտնեց նաև, որ բարեկամ երկրների զորակցությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և արդարության վերականգնմանը:
Այնուհետև տիար Ֆրանսուա-Քսավիե Բելամին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը զատկական բարեմաղթանքների և օրհնության համար՝ ընդգծելով, որ ինքն առաջին անգամ է այցելում Հայաստան և մեծ պատիվ է համարում լինել հինավուրց քրիստոնեական երկրում, որի ժողովուրդը հարության հաղթական արժեքների կրող է:
Եվրախորհրդարանի պատգամավորն անդրադարձավ այցի նպատակներին՝ ծանոթանալ հետպատերազմյան իրավիճակին, առկա խնդիրներին, մասնավորապես Արցախի հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հարցերին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանգամանորեն ներկայացնելով արցախյան երկրորդ պատերազմի պատճառած վնասները և առկա մարտահրավերները, հույս հայտնեց, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրանից բխող մնացյալ երևույթները կարժանանան միջազգային հանրության և Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին։
Վեհափառ Հայրապետը նշեց, որ սուրբ Հարության տոնին աղոթք է բարձրացրել աշխարհում խաղաղության հաստատման համար, մեր երկրի և մեր ժողովրդի համար, որպեսզի այս ծանր վիճակից կարողանա դուրս գալ՝ հարության խորհուրդը աչքերի առջև ունենալով, ապավինելով Աստծուն, նախնյաց հավատքին, որ դարեր շարունակ մեզ դուրս է բերել բոլոր դժվարին իրավիճակներից և օրհնությունն ու ողորմությունն ավելացրել հայոց կյանքում: