Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը
Մարտի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչին, դասախոսներին և ուսանողներին` ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի:
Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա տիար Ռ. Միրզախանյանը, ուրախություն հայտնելով հյուրերի` Մայր Աթոռ կատարած այցի առիթով, ներկայացրեց երկու կրթական հաստատությունների միջև ձևավորվող գործակցությունը: Նա մասնավորապես տեղեկացրեց, որ կնքվելու է համագործակցության պայմանագիր, որի համաձայն Հունգարիայում հիմնադրված 18-րդ դարի այդ կարևորագույն կրթական հաստատությունում ստեղծվելու է հայագիտական ամբիոն, իսկ առաջիկա տարիներին իրականացվելու են նաև դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր:
Այնուհետև իր օրհնությունն ու հայրապետական պատգամը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հաճելի է համայն հայության հոգևոր կենտրոնում հյուրընկալել Կաթոլիկ համալսարանի ռեկտորին, դասախոսներին և ուսանողներին:
Անդրադառնալով պատմական աղերսներին` Վեհափառը փաստեց, որ այս գործակցային հարաբերությունները գալիս են նորոգելու այն ջերմ կապերը, որոնք դեռևս 10-րդ դարից ձևավորվել են երկու բարեկամ ժողովուրդների միջև: Նորին Սրբությունը խոսեց Հունգարիայի հայկական համայնքի ու հայ ժողովրդի կողմից այնտեղ կերտած կրթական ու մշակութային հաստատությունների մասին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը ներկայացրեց Հայ Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, պատմության ընթացքում դիմագրաված փորձությունները և արդի մարտահրավերները:
Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաև Ֆրանցիսկոս Պապի` Հայաստան կատարելիք առաջիկա այցին: Այս առիթով Նորին Սրբությունը վերհիշեց 2015 թ. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Քահանայապետի կողմից մատուցված Ս. Պատարագը` ընդգծելով, որ հայ ժողովուրդը մշտապես երախտագիտությամբ է հիշելու վերջինիս կողմից ցուցաբերված զորակցությունը:
Այս առիթով խոսք ասաց նաև պրոֆ. Սուրոմի Սաբոլչը: Մեծ հարգանքով արտահայտվելով Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի անցած ճանապարհի մասին` նա փաստեց, որ իր և Պիտեր Պազմանի անվան համալսարանի ուսանողների համար չափազանց կարևոր է հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում գտնվել ու հաղորդակցվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ինչպես նաև մոտիկից ծանոթանալ հայ ժողովրդի նվիրական արժեքներին ու սրբություններին: Ռեկտորը նաև իր ուրախությունը հայտնեց երկու կրթօջախների միջև ձևավորված սերտ կապերի համար:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը հաճելի կեցություն մաղթեց ամենքին Հայաստանում: Ցավով արձանագրելով և դատապարտելով մարտի 22-ին Բելգիայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին հրավիրեց համատեղ աղոթքի` հիշելու տարբեր երկրներում պատերազմական և ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածներին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: