Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանի փոխնախագահին
Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը ողջունեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի զորացմանն ուղղված քայլերը և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում սերտացող համագործակցությունը: Վեհափառ Հայրապետը, խոսելով հայ-հնդկական պատմական առնչությունների մասին, անդրադարձ կատարեց Հնդկաստանի կյանքում հայկական համայնքների ունեցած կարևոր դերակատարությանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ այսօր էլ Հնդկաստանում հայ համայնքը լիարժեքորեն շարունակում է ապրել իր ազգային-եկեղեցական կյանքով, որին աշխուժություն է հավելում նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող 1821 թ. հիմնադրված Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նաև երախտագիտություն հայտնեց այն հոգածու վերաբերմունքի համար, որ Հնդկաստանի իշխանությունների կողմից ցուցաբերվում է թե հայ համայնքի և թե հայոց պատմական սրբավայրերի և հայկական ժառանգության հանդեպ: Նորին Սրբությունն այս կապակցությամբ տեղեկացրեց Հնդկաստանի փոխնախագահին հայկական եկեղեցիների պահպանության և ճեմարանի կրթական գործունեության ընդլայնման ուղղությամբ Մայր Աթոռի և Կալկաթայի հայ համայնքի կողմից ձեռնարկվող քայլերի մասին:
Իր հերթին Հնդկաստանի փոխնախագահը խոսեց Հնդկաստանում հայերի պատմական ներկայության մասին` ընդգծելով, որ, ծնված լինելով Կալկաթայում, քաջ ծանոթ է հայերին և նրանց պատմությանը: Պրն. Անսարին նշեց, որ հայերի հետ կապերը սերտ են եղել. հայերը դարեր շարունակ տարբեր առումներով նպաստել են Հնդկաստանի կյանքին: Իր խոսքում Հնդկաստանի փոխնախագահը նաև հաստատեց, որ երկու ժողովուրդների բարեկամության հիմերը ամուր են ու խորը և դրանց վրա են կառուցվելու Հնդկաստանի հարաբերությունները և համագործակցությունը Հայաստանի հետ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Ս. Էջմիածնի պատմությանը, ազգային կյանքում Հայոց Եկեղեցու ունեցած դերակատարությանը: