Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության դեսպանին
Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև պետական տարբեր մակարդակներում ձևավորված համագործակցությանը, ինչպես նաև հայ և վրաց ժողովուրդների դարերի պատմություն ունեցող կապերին: Խոսվեց նաև Հայոց և Վրաց Եկեղեցիների հարաբերությունների և վիրահայության հոգևոր-եկեղեցական կյանքում առկա խնդիրների մասին:
Հանդիպման ավարտին, հաջողություն մաղթելով դեսպանին հետագա ծառայության ընթացքում, Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ վերջինս կշարունակի իր աջակցությունը բերել հայ-վրացական կապերի առավել զորացմանը: