Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանին
Փետրվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիի հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ դեսպանի պաշտոնավարման ողջ շրջանում տեսանելի է եղել վերջինիս ազնիվ վերաբերմունքը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ ընդգծեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և դեսպանատան միջև կապերի առավել ամրապնդման գործում դեսպանի ունեցած կարևոր ավանդը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների կյանքում առկա արդի մարտահրավերներին, ՀՀ-ում և Հնդկաստանում իրականացվող կրթական ծրագրերին, այդ թվում` Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի գործունեությանը:
Վերջում հաջողություն և բարի ընթացք ցանկանալով դեսպան Թադիպանենիին` Վեհափառ Հայրապեը մաղթեց, որ Հնդկաստանն ու բարեսեր հնդիկ ժողովուրդը մշտապես առաջընթաց ու բարօր կյանքով ապրեն:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: