Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանին
Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր ցավակցությունը հայտնեց դեսպանին Եգիպտոսում ապրիլի 9-ին տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, որոնց զոհ դարձան երկրի բազմաթիվ քաղաքացիներ: Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու անունից զորակցություն հայտնելով ի դեմս դեսպանի Եգիպտոսի ողջ ժողովրդին` Նորին Սրբությունը դատապարտեց կատարված ոճրագործությունը և հույս հայտնեց, որ ահաբեկչական որևէ դրսևորում այլևս տեղ չի գտնի Եգիպտոսում և կշարունակվեն պահպանվել տարբեր ազգային և կրոնական համայնքների միջև խաղաղ համակեցության դարավոր բարեկամական ավանդույթները:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն ու առավել ամրապնդմանն ուղղված նրա գործունեության համար:
Իր հերթին դեսպան Թարեք Մաաթին, խորին շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին զորակցության խոսքերի համար, ներկայացրեց երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարելուն ուղղված Եգիպտոսի իշխանությունների ձեռնարկած քայլերը: Դեսպանը Նորին Սրբությանը փոխանցեց նաև Ղպտի Ուղղափառ եկեղեցու հոգևոր պետ Թավադրոս Բ պատրիարքի ողջույններն ու բարեմաղթանքները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու դեսպանն անդրադարձ կատարեցին նաև Եգիպտոսի հայ համայնքին և նրա կարևոր դերակատարությանը հայ-եգիպտական կապերի զարգացման գործում:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու մաղթանքները փոխանցեց դեսպանին և Եգիպտոսի ողջ ժողովրդին՝ ցանկանալով խաղաղ, բարօր կյանք ու ջանքերի բարի արգասավորում:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: