Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին
Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ Մոսկվա)։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ շնորհակալությամբ ընդգծելով, որ Ավստրալիան մշտապես զորավիգ է եղել հայ ժողովրդին, նաև դժվարին այս շրջանում իր կարևոր աջակցությունը բերել հայրենազրկված արցախահայությանը։
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Ավստրալիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի առնչությամբ, ինչի ականատեսն է եղել հովվապետական այցերի ընթացքում:
Դեսպան Ջոն Գիրինգը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: Դեսպանը շեշտեց նաև Ավստրալիայում հաջողություններ արձանագրած հայ համայնքի կյանքում Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը:
Զրույցի ընթացքում խոսվեց բռնի տեղահանված արցախցիների և պատանդառված ռազմագերիների իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակությաին ժառանգության պահպանությանն առնչված խնդիրների, ինչպես և Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի մասին: