Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Կրթության և գիտության նորանշանակ նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ Կրթության և գիտության նորանշանակ նախարարին 14.03.2016

Մարտի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով տիար Լ. Մկրտչյանին նշանակման առիթով, իր բարեմաղթանքները բերեց վերջինիս: Կրթության համակարգը որպես առաջնային և կարևոր նկատելով՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ պրն. նախարարը, քաջածանոթ լինելով ոլորտին, իր հարուստ փորձառությամբ կկարողանա օգտակար ծառայություն բերել կրթության ոլորտին:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Մայր Աթոռի և ԿԳՆ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությանը: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց նորանշանակ նախարարին, որի ղեկավարության նախորդ շրջանում էր «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ներմուծվել հանրակրթական դպրոց: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ առարկան դրական ընդունելություն է ստացել հանրության կողմից և արդյունքները տեսանելի են:

Նորին Սրբությունը մասնավոր գոհունակության խոսք ասաց նաև Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան Սրբազանին՝ ընդգծելով, որ կենտրոնի շնորհիվ հանրակրթական ոլորտի ներկայացուցիչները հոգևորականների հետ միասին սերտ համագործակցության մեջ են գտնվում և միասնաբար ամեն ջանք ու եռանդ ներդնում, որպեսզի մատաղ սերունդն ավելի մոտիկից հաղորդ դառնա ազգային-մշակութային հարուստ արժեհամակարգին:

Իր հերթին տիար Լևոն Մկրտչյանը, շեշտելով Հայ Եկեղեցու առաքելության կարևորությունը հայ մարդու կյանքում, նշեց, որ ինքը մեծապես արժևորում է Հայ Եկեղեցու դերակատարությունը կրթական բնագավառում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կրթական ոլորտի բարեփոխումներին, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստմանը, առկա մարտահրավերներին ու դրանց կանխարգելման հրամայականներին: