Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետին
Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին՝ ուղեկցությամբ Քրեակատարողական հիմնարկների հովվության պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վիճակին և վարչության գործունեությանը, քննարկվեցին նաև հիմնարկներում իրականացվող հոգևոր սպասավորության հետ առնչված հարցեր:
Նորին Սրբությունը կարևորեց քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների հոգևոր խնամքը` ընդգծելով, որ ստեղծված հովվությունն այդ առումով պատասխանատու առաքելություն ունի: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց Ռուբեն վարդապետին և հովվության 10 հոգևոր սպասավորներին` նրանց նվիրյալ և հետևողական աշխատանքի համար: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց ՔԿՀ վարչության պետին` հովվությանը ցուցաբերվող աջակցության համար:
Իր հերթին պրն. Արթուր Օսիկյանն ազատազրկվածների հոգևոր կյանքի կազմակերպման առումով կարևոր նկատեց հոգևորականների դերակատարությունը` փաստելով նրանց պարբերական այցելությունների դրական ներգործությունը: Այս առիթով ՔԿՀ վարչության պետը նաև շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ոլորտի խնդիրների նկատմամբ դրսևորվող մշտական ուշադրության համար:
Զրույցի ժամանակ քննարկվեցին Մայր Աթոռի և ՔԿՀ վարչության միջև համագործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորությունները: