Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի պատվիրակությանը
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ատենապետ Անտոնիո Սարաֆյանի գլխավորած պատվիրակությանը:
Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ ուրախություն հայտնելով համայն հայության հոգևոր կենտրոն այցելելու առիթով: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ չնայած հայրենիքում ստեղծված ծանր կացությանը, նման այցելություններն առիթ են աշխարհասփյուռ հայորդիների համար հայրենասիրական և հոգևոր զգացումները նորոգելու ու նոր խանդավառությամբ իրենց ներդրումը բերելու հայրենիքի ու համայնքային կյանքի առաջընթացին:
Հանդիպմանը Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ արգենտինահայ գաղութն աչքի է ընկնում առանձնահատուկ կազմակերպվածությամբ, հայ կյանքի և ազգային արժեքների նախանձախնդիր պահպանմամբ, ինչի ականատեսն ու վկան է եղել Արգենտինա կատարած իր հովվապետական այցելությունների ժամանակ:
Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև համայնքի կրթական հաստատությունների ու ազգային կենտրոնների ազգօգուտ և նվիրյալ գործունեությանը՝ պատգամելով նույն նախանձախնդրությամբ շարունակեն հոգ տանել արգենտինահայ երիտասարդների հայեցի դաստիարակության համար, որպեսզի իրենց նախնյաց օրինակով լինեն ազգասեր և եկեղեցանվեր, զորացնեն համայնքային կյանքը և պահպանեն ազգային ինքնությունը: