Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայրապետական կրթաթոշակին արժանացած ուսանողներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայրապետական կրթաթոշակին արժանացած ուսանողներին 11.04.2017
Ապրիլի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված Հայրապետական կրթաթոշակին այս տարի ներկայացված Հայաստանի բուհերի երեք ուսանողների` ուղեկցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի:
 
Ուսման ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության համար կրթաթոշակ է շնորհվել Սյուզաննա Իսրայելյանին (Երևանի պետական համալսարան, բակալավրի 4-րդ կուրս), Գոhար Մանուկյանին (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բակալավրի 2-րդ կուրս) և Անի Մկրտչյանին (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, բակալավրի 1-ին կուրս): Վերջիններիս Հայոց Հայրապետին ներկայացրեց Վարդան եպիսկոպոսը՝ հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:
 
Ապա Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ուսանողներին՝ շնորհավորելով նրանց ուսման մեջ արձանագրած առաջադիմության առիթով և հորդորելով նույն ոգով, նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը։
 
«Ուրախություն և հոգու մխիթարություն է Մեզ համար, որ Կրթության և գիտության նախարարության կողմից այսպիսի հնարավորություն է ընձեռվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի իր փոքրիկ ներդրումն ունենա նաև բարձրագույն կրթության ոլորտում:
 
Սա առանձնահատուկ խորհուրդ ունի Մայր Աթոռի համար՝ աջակից լինել այն ուսանողներին, որոնք ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներն են գրանցել, նրանց բերել Սուրբ Էջմիածնի օրհնությունը», - նշեց Վեհափառ Հայրապետը՝ իր գնահատանքը հայտնելով նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ նախարարության և Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու միջև ձևավորված արդյունաշատ գործակցության համար։
 
Իր խոսքում Գարեգին Բ Կաթողիկոսը, անդրադառնալով կրթության կարևորությանը, Հայրապետական կրթաթոշակակիրներին կոչ արեց ստացած կրթությունն ապագային ծառայեցնել ոչ միայն իրենց անձերի և անձնական բարեկեցության ապահովման համար, այլ նաև ստացված գիտելիքներով ու հմտություններով մասնակից դառնալ հայրենի երկրի առաջընթացին ու ժողովրդի
բարօր կյանքի կերտմանը։
 
Իր հերթին ԿԳ նախարար Լևոն Մկրտչայնն իր խորին երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ բարի ավանդություն է ձևավորվել, որը շատ ոգևորիչ և հիշարժան է կրթաթոշակի արժանացող ուսանողների համար։
 
Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը յուրաքանչյուր ուսանողին Աստվածաշունչ մատյան նվիրեց և հանձնեց կրթաթոշակի վկայականները։