Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայորդյաց տների պատասխանատուներին
Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին։
Հանդիպման սկզբում Վանաձորի Հայորդյաց տան հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանը հայորդյաց տների պատասխանատուների անունից իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայորդյաց տների հանդեպ ցուցաբերվող հայրական խնամքի ու հոգածության համար։
Այնուհետև իր օրհնության և գնահատանքի խոսքը ներկաներին ուղղեց Վեհափառ Հայրապետը՝ մեծապես կարևորելով հայորդյաց տների առաքելությունը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ արտադպրոցական կրթության այդ կենտրոնների ստեղծման նպատակն էր 1990-ական թվականների դժվարին շրջանում փաղոցի ազդեցություններից կտրել երեխաներին ու պատանիներին և նրանց համար ապահովել ճիշտ խնամք ու դաստիարակություն՝ առիթ ընձեռելով զարգացնելու իրենց ձիրքերն ու շնորհները, հմտությունը արվեստներում, արհեստներում և սպորտում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ ժամանակին այդ տեսլականին վստահեցին ՀՀ իշխանությունները՝ այդ նպատակով Եկեղեցուն հատկացնելով երեք կառույցներ Երևանում, իսկ կենսագործմանը նպաստեց ՀԲԸՄ նախագահ հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնը։ Վեհափառ Հայրապետի խոսքով, 1993 թ․ հաստատված երեք հայորդյաց տները, ՀԲԸՄ-ի համագործակցությամբ ու զորակցությամբ, ամուր հիմք դարձան այսօր արդեն կայացած, արդեն ավանդույթներ ձևավորած ցանցի, որն ընդգրկում է յոթ հայորդյաց տներ Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Աշտարակ քաղաքներում և Մանրանկարչության կենտրոնը Երևանում: Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ հայորդյաց տները, ուր այսօր ուսանում է շուրջ հինգ հազար աշակերտ, իրենց առաքելության ընթացքում կրթել ու դաստիարակել են տասնյակ հազարավոր հայորդիներ։ Այս առումով Հայրապետը հույս հայտնեց, որ ժամանակի մեջ բարերար հայորդյաց աջակցությամբ հնարավոր կլինի նման կրթական կենտրոններ հաստատել նաև այլ քաղաքներում։
Անդրադառնալով հայորդյաց տների կարևոր առաքելությանը՝ Նորին Սրբությունը հաստատեց, որ հայորդյաց տներում ոչ միայն բացահայտվում ու զորանում են հայորդիների տաղանդներն ու շնորհները, այլ նաև կերտվում է նրանց նկարագիրը՝ խարսխված ազգային և հոգևոր արժեքների վրա։ «Ձեր շրջանավարտ մանուկներն ու պատանիներն են մեր ապագան, որ պիտի կերտեն թե՛ իրենց կյանքի, թե՛ մեր հայրենիքի ու ազգի հաղթանակները։ Այսօրվա աշխարհում ավելի ու ավելի է ընդգծվում կարևորությունը սեփական ակունքների ճանաչողության, ազգային ոգու զորացման։ Ձեր առաքելությունն է նաև զորացնել նրանց սրտերում ազգային-հոգևոր արժեքները», - նշեց Վեհափառ Հայրապետը՝ կարևորելով մանկավարժների աշխատանքը ազգի նվիրյալ զավակներ պատրաստելու գործում։
Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հայորդյաց տների տնօրեն կազմերին, մանկավարժներին նախանձախնդիր և հետևողական գործունեության համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագետ զգացումներով իր գնահատանքը փոխանցեց նաև ՀԲԸՄ-ին ու բոլոր այն բարերարներին, որոնք աջակից ու զորակից են Մայր Աթոռին հայորդյաց տների սաների կրթության ու դաստիարակության նվիրական առաքելության մեջ։
Նորին Սրբությունը հանդիպման մասնակիցներին նաև ներկայացրեց հայորդյաց տների նորանշանակ հոգևոր տեսուչ, Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանին՝ մաղթելով վերջինիս հաջողություններ այս նոր հանգամանքի մեջ։
Հայր Սուրբն իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին վստահության համար՝ հավաստիացնելով, որ կներդնի բոլոր ջանքերը Նորին Սրբության՝ հայորդյաց տների հետ առնչված իղձերն ու նպատակներն կյանքի կոչելու համար։
Զրույցի ընթացքում քննարկվեցին համավարակի պայմաններում նոր ուսումնական տարվա կազմակերպման, կրթական գործընթացի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր։