Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին
Դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
Ողջունելով դեսպանին՝ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրա լավագույն վկայությունը Հնդկաստանում առկա հայկական եկեղեցիներն են և, թեև թվաքանակով փոքր, սակայն ակտիվ հայ համայնքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորեց նաև Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությունը և առաքելությունը՝ նշելով, որ այն յուրօրինակ կամուրջ է հանդիսանում երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման գործընթացում: Նորին Սրբությունը նաև գնահատեց բոլոր այն ջանքերը, որ երկու երկրների կողմից գործադրվում են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Դեսպանն իր խոսքում անդրադարձ կատարեց Հնդկաստանի և Հայաստանի միջև ձևավորված պատմական առնչություններին, հայերի պատմական ներկայությանը Հնդկաստանում և նրանց թողած ազդեցությանը հատկապես Հնդկաստանի կրթական ոլորտի վրա, որը շարունակվում է մինչ այսօր: Նա խոսեց նաև հայ-հնդկական քաղաքական հարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դեսպանից հետաքրքրվեց Հայաստանում հնդկական համայնքի կյանքով, մասնավորապես ՀՀ բուհերում ուսանող հնդիկ երիտասարդներով: Անդրադարձ կատարվեց դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերին, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ Կալկաթայում իրականացվող հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորականների վերջույթների պրոթեզավորման և բուժման ծրագրին:
Վերջում Հայոց Հովվապետը դեսպանում մաղթեց արդյունաշատ առաքելություն Հայաստանում: