Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կրասնոդարի նահանգապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կրասնոդարի նահանգապետին 12.10.2005

Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ:
«Նմանատիպ փոխայցելությունները գալիս են առավել եւս զորացնելու մեր երկու ժողովուրդների դարավոր եղբայրական բարեկամական կապերը: Հայաստանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ մեր ժողովուրդների միջեւ բարեկամական կապերն առանձնանում են: Հայ ժողովրդի հոգում Ռուսաստանն ու ռուս ժողովուրդն ունեն առանձնահատուկ տեղ: Մենք, իրապես, փառք եւ գոհություն ենք մատուցում Աստծուն այս բարեկամության, այս եղբայրության համար, որ բնորոշում է մեր երկու ժողովուրդներին»,- ողջունելով Կրասնոդարի նահանգապետին` ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունը նահանգապետին իր գոհունակությունը հայտնեց հայ ժողովրդի զավակների, հայ համայնքների հանդեպ դրսեւորվող բարյացակամ ու հոգատար վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետը նկատեց, որ տարածաշրջանում երբեմն տեղ գտնող անցանկալի միջադեպերն ու իրավիճակները ժամանակի սխալ ընկալումների դրսեւորումներ են եւ տեղ չունեն այն ջերմ հարաբերությունների մեջ, որոնք հիմք են կազմում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության:
Իր հերթին, Կրասնոդարի նահանգապետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձավ ՀՀ նախագահի հետ ունեցած իր հանդիպմանը: «Ուրախ ենք գտնվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կենտրոնում: Մեզ մոտ գործում են ավելի քան տասը հայկական եկեղեցիներ եւ համայնքներ: Գիտենք, որ հայ գործարարները բազում փորձեր եւ ցանկություն են դրսեւորում շարունակելու նոր եկեղեցիների կառուցումը եւ ծխերի հաստատումը: Մենք եւ տարածաշրջանի իշխանությունները դրան ըմբռնմամբ ենք մոտենում, հատկապես որ մեր պատմությունը եւ մշակույթը բազում ընդհանրություններ ունեն: Հայ բնակչությունը, որի թիվը մոտ երեք հարյուր հազար է կազմում, իրավունք ունի իր եկեղեցիներն ունենալու, ուր կարող են աղոթել, Աստծուն մերձենալ, հոգեւոր բավարարություն ստանալ»,- նշեց Ա. Տկաչովն իր խոսքում: Օգտվելով ընձեռված հնարավորությունից` նահանգապետը Նորին Սրբությանը հրավիրեց պաշտոնական այցով լինել Կուբանում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին: Հանդիպմանը ներկա էր Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպս. Մովսիսյանը: