Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահին
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ նման այցերը կարևոր խթան են երկու բարեկամ երկրների կապերի և գործակցության առավել զորացման համար:
Նորին Սրբությունն ուրախությամբ փաստեց, որ երկու ժողովուրդների եղբայրական հարաբերությունները գալիս են դարերի խորքից, ինչն այսօր շարունակում է իր մասնավոր դրսևորումը գտնել Կիպրոսի իշխանությունների կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերված գնահատարժան վերաբերմունքով, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման փաստով:
Իր հերթին պրն. Դեմետրիս Սիլուրիսը ընդգծեց, որ երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ և պատմության ընթացքում մշտապես պայքարել են իրենց նկատմամբ արդարության վերականգնման համար:
Ներկայացուցիչների պալատի նախագահը Վեհափառ Հայրապետին փոխանցեց նաև Կիպրոսի նախագահի և արքեպիսկոպոսի ողջույններն ու բարեմաղթանքները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նույնպես իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները փոխանցելով նրանց հոգևոր առաջնորդին, գոհունակությամբ արձանագրեց երկու եկեղեցիների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերությունները:
Վերջում անդրադարձ կատարվեց երկու երկրների առջև ծառացած արդի մարտահրավերներին և դրանց հանգուցալուծմանն ուղղված ջանքերին: