Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի եկեղեցիների հոգեւոր առաջնորդներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի եկեղեցիների հոգեւոր առաջնորդներին 29.08.2005

Սույն թվականի օգոստոսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայոց գրերի գյուտի 1600-ամյակի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին ժամանած` Կանադայի եկեղեցիների առաջնորդների պատվիրակությունը` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանի եւ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի ուղեկցությամբ:

«Ձեր ներկայությունն այստեղ` Ամենայն Հայոց Սրբություն Սրբոցում, մեծ զորակցություն է մեր Եկեղեցուն մեր առաքելության իրականացման ճանապարհին: Մեզ համար ձեր ներկայությունը վկայություն է այն ջերմ հարաբերությունների, որ առկա են ոչ միայն միջեկեղեցական հարաբերություններում` հոգեւոր պետերի մակարդակի վրա, այլեւ թեմական կառույցներից ներս: Եվ մենք ուրախ ենք այդ համագործակցության համար, այդ եղբայրական համագործակցության համար, որ առկա է մեր եկեղեցիների կյանքում բոլոր մակարդակների վրա»,- ասաց Հայոց Հայրապետը` ջերմորեն ողջունելով Կանադայի տարբեր եկեղեցիների թեմակալ առաջնորդների եւ միջեկեղեցական կառույցների նախագահների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Նորին Սրբությունը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմական ուղին եւ ներկայիս գործունեությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Կանադային Հայոց թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին` եկեղեցանվեր արդյունաշատ ծառայության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաեւ Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ մասնավորապես իր գնահատանքը հայտնեց եկեղեցիների առաջնորդներին այդ հարցում գործուն աջակցության, ինչպես նաեւ ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը մեր ժողովրդին աղոթակից լինելու եւ մասնակցություն բերելու համար:

Իրենց հերթին ջերմ ընդունելության եւ ցուցաբերած հոգածության համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհակալական խոսք ուղղեցին Կանադայի Հույն Ուղղափառ եկեղեցու Մետրոպոլիտ Սոտերիոս արքեպիսկոպոսը, Կանադայի Կաթոլիկ Եպիսկոպոսների Կոնֆերանսի նախագահ եւ Ս. Ջոնի արքեպիսկոպոս Կարդինալ Բրենդն Օբրայենը, Կանադայի Անգլիկան Եկեղեցու պետ արքեպիսկոպոս Էնդրյու Յաթչիսոնը եւ Կանադայի Եկեղեցիների Խորհրդի նախագահ Դոկ. Ռիչարդ Շնայդերը:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ 21-րդ դարում Քրիստոսի Ս. Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին եւ քննարկվեցին դրանց հաղթահարման հնարավոր ուղիները:

Հանդիպմանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Սասուն ծ. վրդ. Զմրուխտյանը, Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի աշխատակից Տ. Հովակիմ աբղ. Մանուկյանը: